Меню
Мини Чат
HOME » » TV SHOWS » news [ Добавить материал ]

Արթուր Աբրահամ. Պետք է ամուր նյարդեր ունենաս, որ մրցակցիդ «կոտրես», ոչ թե դու «կոտրվես»
03.02.2012, 21:56

                                                     www.MEROJAX.Tv

Պրոֆեսիոնալ ռինգում Արթուր Աբրահամն արդեն մեծ հաջողությունների հասել է` դառնալով IBF  վարկածով  միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն եւ 10 անգամ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը: Սակայն հայ բռնցքամարտիկը, տեղափոխվելով երկրորդ միջին քաշային կարգ, մի փոքր նահանջ ունեցավ նվաճումների մեջ: Super Six մրցաշարում Ժերմեյն Թեյլորին հաղթելուց հետո Աբրահամին չհաջողվեց զարգացնել հաջողությունը: Իսկ 2011 թվականին Անդրե Ուորդին պարտվելուց հետո նրան սկսեցին քննադատել: Այդ պարտությունից ուղիղ յոթ ամիս անց Աբրահամը ռինգ դուրս եկավ արգենտինացի Պաբլո Օսկար ֆարիասի դեմ ու հաղթեց մրցակցին տեխնիկական նոկաուտով հինգերորոդ ռաունդում:

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արթուր Աբրահամի հետ:

Արթուր, քո վերջին մենամարտում որոշակի փոփոխություն նկատվեց մարտավարության մեջ: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:

Ինչպես գիտեք, ես երկար ժամանակ հանդես էի գալիս միջին քաշային կարգում եւ հիմնականում մենամարտում էի` շեշտը դնելով ամուր պաշտպանության վրա: Տեղափոխվելով երկրորդ միջին քաշային կարգ` ես զգացի մարտի տարբերությունը: Այստեղ, ճիշտ է, բռնցքամարտիկի անձնական քաշը շատ չի տարբերվում միջին քաշայինից, բայց հարվածի ծանրությունն ու ազդեցությունը էականորեն են տարբերվում: Վերջին մենամարտում ես ավելի շատ էի շարժվում ռինգում ու դրա հետ մեկտեղ հարվածների քանակն էի ավելացրել ու երբեմն էլ գործում էի հարվածաշարերով: Մարտավարությունը անպայման պետք է փոխվի, որպեսզի կարողանաս հաջողության հասնել: Այստեղ, ի տարբերություն միջին քաշային կարգի, բռնցքամարտիկի դիմադրողականությունն էլ է բարձր, այնպես որ մարտավարության փոփոխությունը ուղղակի պահանջելի է:

Հնարավո՞ր է , որ նորից սկսես հանդես գալ միջին քաշային կարգում:

Չեմ կարծում, որ այդպես կլինի: Յուրաքանչյուր բռնցքամարտիկ զգում է, թե որ քաշային կարգում է իրեն լավ զգում: Միջին քաշային կարգում հանդես գալու համար ես պետք է մոտ տասը կիլոգրամ քաշ գցեմ, իսկ նման պարագայում արդեն մենամարտելը դժվարանում է, եւ չես կարողանում ռինգում ցուցադրել այն մարտը, որին ունակ ես: Ինձ համար հիմա երկրորդ միջին քաշային կարգը ամենահարմարն է:

Այս տարվա սկզբին դու հայտարարել էիր, որ ձգտելու ես չեմպիոնական գոտի նվաճել: Դա լինելու է Ռոբերտ Շտիգլիցի՞ հետ մենամարտը:

Այն, որ ես ձգտելու եմ չեմպիոնական գոտի նվաճել, դա փաստ է: Բայց թե ում հետ տեղի կունենա այդ մենամարտը, հիմա դժվար է ասել: Այս տարվա մարտի 31-ին ես եւս մեկ մանամարտ եմ անցկացնելու, եւ հաղթանակի դեպքում արդեն բանակցությունների կսկսենք վարել Շտիգլիցի հետ մենամարտ անցկացնելու համար: Մենամարտեր կազմակերպելու ու անցկացնելու համար համաձայունթյան պետք է գան պրոմոութերները:

Միացյալ Նահանգներում դու երկու պարտություն կրեցիր: Նպատակ չունե՞ս վերադառնալ ԱՄՆ հաղթելու համար:

Ինձ համար հիմա ամենակարեւորն ու առաջնայինը աշխարհի չեմպիոն դառնալն է: Դրանից հետո արդեն նոր կմտածենք այլ մարտերի մասին:

Ըստ քեզ` ժամանակակից բռնցքամարտում ու մասնավորապես երկրորդ միջին քաշային կարգում հաջողության հասնելու համար ի՞նչ է պահանջվում մարզիկից:

Բոլոր քաշային կարգերում էլ հաջողության հասնելու համար շատ գործոններ են կարեւոր: Բռնցքամարտիկը պետք է միշտ հավատա իր ուժերին ու աշխատասեր լինի, պետք է լավ մարզիչ ու պրոմոութեր ունենա: Լավ թիմ պետք է ունենա, վերջապես: Բռնցքամարտիկը պետք է նպատակ ունենա ու աշխատի այդ նպատակին հասնել: Սակայն բռնցքմարտիկի թիկունքը (թիմը) պետք է ամուր լինի: Այս ամեն ինչի հանրագումարում նոր կարելի է մեծ հաջողություններ ակնկալել:

Եղե՞լ են մենամարտեր, որոնց ընթացքում զգացել ես, որ պարտվում ես եւ նյարդայնացել ես ու նետվել դեպի մրցակիցը:

Իհարկե, եղել են: Իհարկե, նյարդայնացել եմ, բայց չեմ նետվել դեպի մրցակիցը: Այստեղ արդեն հոգեբանության ու հավասարակշռության գործոններն են առաջ գալիս: Ինչքան էլ նյարդայնանաս, չպետք է առանց մտածելու քայլեր կատարես մարտի ընթացքում: Հակառակ դեպքում կպատժվես: Պետք է ամուր նյարդեր ունենաս, որ մրցակցիդ «կոտրես», այլ ոչ թե դու «կոտրվես»:

Արթուր, ժամանակին Մուհամեդ Ալիին ռինգում ոտքերի աշխատանքի շնորհիվ պարող բռնցքամարտիկ էին անվանում: Չես գտնո՞ւմ, որ հիմա էլ ոտքերի աշխատանքը ռինգում հաջողության գրավականներից մեկն է:

Միանշանակ համաձայն եմ, որ ոտքերի աշխատանքը շատ կարեւոր գործոն է հաղթանակի հասնելու համար: Բայց ոչ բոլորն են կարողանում նման ձեւով մենամարտել, քանի որ յուրքանչյուր բռնցքամարտիկ ունի իր ոճը, իր ձեռագիրը: Հետո բնությունն էլ իր դերն ունի այստեղ: Ոմանք հենց այդպես էլ ծնվում են, ոմանք հասնում են դրան: Սակայն կան նաեւ բռնցքամարտիկներ, որոնց գլխավոր զենքը ոտքերի աշխատանքը չէ: Ոճերի ու ձեռագրերի տարբերությունը ավելի հետաքրիր է դարձնում մենամարտերը:

Բոլորին էլ հայտնի է, որ դու մեծ հարգանք ու սեր ես վայելում Գերմանիայում: Իսկ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում քեզ դժվար չի՞ լինի:

Եթե այդ մենամարտը կայանա եւ կայանա Գերմանիայում, չեմ կարծում, որ որեւէ մեկիս հեշտ կլինի: Կարեւորը հաղթանակն է: Երբ հաղթում ես, միշտ էլ լավ է լինում: Ինչ-որ առանձնակի դժվարություն չկա: Պետք է դուրս գաս ռինգ ու ձգտես հասնել քո նպատակին: Հիմա կարեւոր է հաղթանակի հասնել մարտի 31-ին կայանալիք մենամարտում, հետո նոր մտածել հաջորդի մասին: Դեռեւս պարզ չէ, թե ում հետ եմ մենամարտելու այդ օրը, բայց այդ ուղղությամբ աշխատում է իմ պրոմութերը:

Արթուր իսկ մարզումներից բացի ժամանակ ունենո՞ւմ ես այլ նորություններով հետաքրքրվելու համար:

Իհարկե: Ես ժամանակ գտնում են օրվա բոլոր նորություններին ծանոթանալու համար: Ի դեպ, նշեմ, որ երբ միացնում եմ համակարգիչը եւ միացնում եմ ինտերնետին` անմիջապես բացվում է NEWS.am կայքի էջը: Ես ձեր կայքի միջոցով ծանոթանում եմ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանային շատ լուրերի:

Շնորհակալություն:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարում. Ալեքսանդր Աբրահամ, Էվանդեր Հոլիֆիլդ, Արթուր Աբրահամ, Նիկոլայ Վալուեւ, պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդ

Категория: news | Добавил: Admin(Arsen) | Теги: ոչ թե դու «կոտրվես», Արթուր Աբրահամ. Պետք է ամուր նյարդե, որ մրցակցիդ «կոտրես»
Просмотров: 478 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1

TV SERIES

banakum               

          anna     hreshtak

               

TV SHOWES

cheinspasum


Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 1577  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 965  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 798  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 903  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 827  Comments (0)

 
 
                                    

//hay-ojax.do.am/

 Русские фильмы

 Français Films

 Հայկական Ֆիլմեր

Copyright © 2011 www.Hay-Ojax.do.am | By Admin(Arsen)


Бесплатный хостинг uCoz